ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար. Ռուդենկո

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին հայտնել է, որ ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

Նրա խոսքով՝ միակ բանը, որը կարող է խանգարել անդամակցությանը ՀԱՊԿ-ին, կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, որոնք ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան:

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, երբ Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն:

«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», – ասել է Ռուդենկոն:

ՀԱՊԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թվականին։ Անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել