«Պոնտի»․ Հայաստանի հույները հիշում են իրենց անցյալը և պատմում ներկայի մասին

Հայաստանում բնակվող հույների թիվը չի անցնում 1000-ը: Նրանց մեծ մասը արտագաղթել է 1990-ականներին, հիմնականում՝ Հունաստան։ Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն էր։

Երևանի «Պոնտի» հունական համայնքը վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում մայիսի 21-ին նշեց Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Ղերասիմոս Ավլոնիտիսը: Համայնքի նախագահի օգնական Մարինա Գեորգեատիի խոսքով՝ «Պոնտի» համայնքի հույները մայիսի 19-ին Թուրքիայի ցեղասպանությանը զոհ դարձած հույն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Պատմական Պոնտոսը գտնվում էր Թուրքիայի կազմում և ընդգրկում էր Սև ծովի ափամերձ տարածքները: Առաջին աշխարհամարտի նախօրեին այստեղ հունական բնակչությունը կազմել է 700 հազար մարդ: Պոնտոսի բնակչության 50 տոկոսը բնաջնջվել է Թուրքիայի կողմից:

Մարինա Գեորգեատին

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուրադ Միխայլովի խոսքով՝ համայնքի մեջ մտնում է Պոնտոսի այն հույների սերունդը, որոնք հարյուրամյակներ առաջ բնակվել են Թուրքիայում: Ներկայում Հայաստանում նվազել է նրանց թիվը: Միխայլովի խոսքով՝ նրանց թիվը 1000-ից քիչ է: Հույները համայնքներ ունեն Հայաստանի 11 բնակավայրերում: Պոնտոսի հույները Հայաստանում հայտնվել են 1768-ին՝ Վրաստանի Հերակլ 2-րդ թագավորի հրավերով: Էդուարդ Միխայլովը պատմում է, որ այդ ժամանակ 300 հույն Վրաստան է տեղափոխվել Մառնեուլիի և Ալավերդու պղնձի հանքերում աշխատելու: Ալավերդու հանքերում աշխատողների մոտ 90 տոկոսը հաստատվել են հանքերի հարևանությամբ գտնվող տարածքում և հիմնել են Մադան գյուղը:

Վերջինս համարվում է Ալավերդի քաղաքի գյուղական թաղամաս: Մադանում ներկայում հույներ չկան: «Իմ ծնողները և այստեղ հավաքվածների նախնիները մադանցիներ էին, բայց նրանց սերունդները 25-30 տարի առաջ տեղափոխվել են իրենց պատմական հայրենիք՝ Հունաստան: Հիմա մենք սերտ հարաբերությունների մեջ ենք մեր հայրենիքի հետ»,- ասաց պարոն Միխայլովը:

Հայաստանաբնակ հույների մեծ մասը տեղյակ չէ Պոնտոսի պատմությանը, այդ պատճառով՝ «Պոնտի» համայնքի կողմից եղեռնի անմեղ զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների ցանկում ամեն տարի տեղ են գրավում նաև Պոնտոսի պատմական անցյալի մասին դասախոսություններ:

Միջոցառման բանախոսը Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի Երևանի մասնաճյուղի պատմության դասախոս, դոցենտ Արմեն Խաչիկյանը ներկաներին ներկայացրեց հույների նկատմամբ թուրքերի եղեռնի պատմական փաստեր: Նշեց, որ հույների եղեռնը սկսվել է, երբ թուրքերը գրավել են Պոնտոսը, իսկ 1453-ին՝ Կոստանդինապոլիսը, 1461-ին՝ Տրապիզոնը․ «Միայն Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերի կառավարության կողմից մոտավոր հաշվարկներով Պոնտոսում և Զմյուռնիայում 353 հազար հույն է սպանվել, կես միլիոն հույն էլ դարձել է գաղթական, փախել Իրան, կես միլիոն էլ փոխանակվել են, երբ կնքվել է Լոզանի պայմանագիրը: Պոնտոսը ներկայում Թուրքիայի տարածք է»:

Ազգությամբ հույն Ռոման Սարդարովը ապրում է Երևանում: Պատմում է, որ 90-ամյա մայրը կենդանի է, հայրը մահացել է: Նրա ծնողները Վրաստանի Օփրետ գյուղից եկել են Շամլուղ։ Հայրը երկար տարիներ աշխատել է Շամլուղի պղնձի հանքերում: «Հայրս հաճախ իր հետ ոսկեգույն փոքր հանքաքար էր բերում տուն»,- հիշում է Ռոմանը: Սարդարովների ընտանիքը Շամլուղից տեղափոխվել են Երևան: Ռոմանը Երևանում է ծնվել, ընդգրկվել է հունական համայնքում: Ասում է՝ Հայաստանում բնակվող Պոնտոսի հույները չգիտեն հույն ժողովրդի պատմությունը։ Ինքն էլ Պոնտոսի պատմությանը տեղեկացել է «Պոնտի» համայնքի միջոցառումներին:

Ռոմանի մայրը և կինը հայ են: Նրա երեք երեխաները հունարեն են սովորում «Պոնտի» համայնքում:

Ռոման Սարդարովը

Էդուարդ Միխայլովը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ Պոնտոսի հայաստանաբնակ հույների մեծ մասը հունարենին չի տիրապետում: Մինչև 1937-ը հույն երեխաները Մադանի դպրոցում առաջին դասարանից էին սովորում մայրենի լեզուն: Սակայն հետագայում դա հանվել է: Ի պատիվ հույն ընտանիքների ավագների՝ երեխաները տանը խոսել են մայրենի լեզվով: «Այսուհանդերձ մեր հին լեզուն կորչում էր»,- նշում է Միխայլովը:

1990-ականներից հույներն իրենց երեխաներին աստիճանաբար սկսում են ուսուցանել մայրենի լեզուն: Էդուարդ Միխայլովի խոսքով՝ Երևանի «Պոնտի» համայնքը որոշակի աջակցություններ է ստանում Հայաստանի կառավարությունից. «Այս տարի հույն երեխաներին ամառային ճամբարներ ուղարկելու համար Կառավարությունը մեզ կտրամադրի ֆինանսական միջոցներ: Մենք անցկացնում ենք հունարենի և հունական ազգային տոներ»:

Հունական համայնքի ղեկավար Էդուարդ Միխայլովը

Արցախյան 44 օրյա պատերազմում զոհվել է ազգությամբ երկու հույն զինվոր: Համայնքը դեռ հստակ չի հաշվառել պատերազմին հույների մասնակցության թիվը: Մարինա Գեորգատիի խոսքով՝ հույներն ու հայերը ապրել են փոխադարձ ըմբռնումով, իսկ 44-օրյա պատերազմում հույները հայերի հետ կրել են նրանց տառապանքները:

Լարիսա Փարեմուզյան