Իրանցի նախարարը Երևանում կքննարկի «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Էսլամին ասել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որը կքննարկվի Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև այս այցի ընթացքում։

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը հայտարարել է, որ փոխգործակցության հաստատումը աշխարհի այլ երկրների, հատկապես հարևան երկրների հետ Իրանի կառավարության առանցքային ռազմավարություններից է: Նրա խոսքով՝ Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում առևտրային, գործարար, տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացմանը։

«Ըստ նախատեսված ծրագրի՝ այս այցի ընթացքում երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ։ Բացի նրանից, որ որոշ հայեր ապրում են Իրանում, երկու երկրների միջև գոյություն ունի մշակութային կապ, ուստի անհրաժեշտ է դյուրացնել երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային փոխգործակցությունը և ստեղծել ավելի ամուր ենթակառուցվածք երկու երկրների միջև՝ բեռնափոխադրումների և ուղևորատար փոխադրումների ընդլայնման համար»,- ասել է Մոհամմադ Էսլամին։