Մայիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ): Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:
«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այվազյանը անթույլատրելի համարեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:
***
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈւ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: