Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Խորվաթիայի և Շվեդիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին։ Կապարոսի մարզչական շտաբը իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպանին չի հրավիրել հավաքական։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, ֆուտբոլիստների ընտրությունը կատարելիս նախապատվությունը տվել են երիտասարդներին։

«Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»,- նշել է Կապառոսը։

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Մեկնաբանել