ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի կարգավորմանը․ Բայդենը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռականորեն պաշտպանում է Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում անցյալ տարի Հարավային գազային միջանցքի շահագործման հանձնմամբ եւ այս տարի Թուրքմենստանի հետ համատեղ հետախուզման եւ Կասպից ծովում հանքավայրի շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով: Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն ու ահաբեկչության դեմ պայքարում նրա ջանքերին քսան տարվա աջակցության համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հավատարիմ ենք մնում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին։

Հուսով ենք, որ մեկ տարի անց, որը հիշվել է հակամարտությամբ և կորոնավիրուսի համավարակով, Ադրբեջանը կհաղթահարի այդ դժվարությունները և կդառնա էլ ավելի բարգավաճող պետություն ՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման և հարևանների հետ խաղաղ գոյակցության շնորհիվ»,- նշված է Բայդենի ուղերձում:

Ամերիկյան կողմը Բայդենի ուղերձի մասին առայժմ հաղորդագրություն չի տարածել։

Մեկնաբանել