Դելիմիտացիան ազդելու է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման վրա․ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան ազդեցություն է ունենալու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն շտապությունը, որն ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է հենց այդ հարցի հետ։ Դելիմիտացիան ազդեցություն է ունենալու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա։ Ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, ուղղակի այս պահին դա բավական պրոբլեմային հարց է»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական սադրանքից հետո ստեղծված իրավիճակը առաջին հերթին պետք է լուծել բանակցային ճանապարհով։

«Բայց եթե Ռուսաստանի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու (Ադրբեջանը – խմբ․) սահմանի մեկ այլ հատվածում։ Առաջին հերթին, դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձևով վարվել։ Եթե քո քայլերով, քո քաղաքականությամբ, քո հայտարարություններով, դու այդպիսի տպավորություն թողնում ես, ստեղծված իրավիճակում դու անընդհատ ունենալու ես նման կարգի խնդիրներ։ Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ՝ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար։ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանրապես չի արվում»,- նշել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելուն և կազմակերպության արձագանքին, Քոչարյանն ասաց․ «Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, քո տեղը գալու է ուրիշն այս հարցը լուծի՞։ Եթե դու ոչինչ չես անում, քո տեղը ոչ մեկ չի լուծելու այս հարցը»։

Հայաստանում արվող սոցհարցումների համաձայն հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր «Քաղաքացիական պայմանագիրը։ Քոչարյանն ընդունում է, որ Փաշինյանը վարկանիշ ունի, բայց փորձելու է «մաշեցնել» այն։

«Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց մենք նաև վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում, հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քո հետ համագործակցել։ Ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը պատրաստ է դավաճանների հետ համագործակցել և որը կարող է անցնել խորհրդարան։ Այսօրվա իրավիճակը բավական հստակ է, որ նույնիսկ եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն։ Բայց ամեն ինչ անելու ենք, որ մաշեցնենք մինչև քոքը»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է նաև, որ եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները, լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք «կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ»։

Մեկնաբանել