Զարիֆը շեշտել է Ալիևի «պատմական դերը ադրբեջանական տարածքների ազատագրման հարցում»

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքու կատարած այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Զարիֆը իր ուրախությունն է հայտնել, որ գործող իրանական վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են և գոհունակություն հայտնել Իրանի հաջորդ իշխանություններին նման ժառանգություն փոխանցելու համար:

«Մենք մեր խորը հիացմունքն ենք հայտնում այն առաջընթացով, որը դուք բերել եք Ադրբեջան և այս տարածաշրջան»,- նշել է Զարիֆը՝ հավելելով, որ Ալիևը «պատմական դեր է ունեցել ադրբեջանական տարածքների ազատագրման հարցում, իսկ հիմա նույն դերակատարումը կարող է ունենալ տարածաշրջանի խաղաղության գործում»։

Արտգործնախարար Զարիֆը խիստ կարևորել է Ալիևի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը՝ նշելով, որ Իրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին:

Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ Բաքուն և Թեհրանը բոլոր ոլորտներում մեծ հաջողություններ են գրանցել և ունեն երկկողմ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Ալիևը հետպատերազմական իրավիճակում կարևորել է Իրանի հետ համատեղ ջանքերը՝ հասնելու երկարատև խաղաղության: Վերջինս նշել է, թե այսօր կողմերը քննարկելու են մի շարք կարևոր հարցեր, որոնք կնպաստեն դրանց ավելի հարթ իրագործմանը:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել