Ապրիլին գրանցվել է երկնիշ աճ, նախարարն ասում է՝ «ներդրումները հորդում են»

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին աճել է 23,2 տոկոսով, իսկ առաջին չորս ամիսներին՝ համեմատած անցյալ տարա նույն ժամանակահատվածի հետ՝ 2,6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի օպերատիվ ամփոփմամբ հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշներից:

Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում անցյալ չորս ամիսներին կտրուկ աճել է շինարարության և արտահանման ծավալները՝ համապատասխանաբար 20,3 և 16,7 տոկոսներով: Վերկանգնվել է նաև արդյունաբերության ճյուղը: Ոլորտի արտադրանքի ծավալի աճն ապրիլին կազմել է 16,9 տոկոս, իսկ առաջին չորս ամիսների կտրվածքով՝ 0,9 տոկոս:

Ի դեպ, շինարարության ծավալն ապրիլին աճել է շատ շեշտակի՝ 87,7 տոկոս։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին հիմք է տվել ասել, որ «Հայաստանն արդեն շինհրապարակ է»:

Նախարարի պաշտոնակատարը շարունակում է պնդել, որ Հայաստանում 2021-ին իրատեսական է սպասել երկնիշ տնտեսական աճ: «Երկնիշ տնտեսական աճ, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Քերոբյանը։ Ամիսներ առաջ, մինչդեռ, ԿԲ-ն նվազեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1,4 տոկոս:

Ինչևէ, ապրիլին, ըստ Վիճակագրական կոմիտեի, կտրուկ աճել է նաև առևտրի շրջանառությունը՝ 47,8 տոկոս, ծառայությունների ծավալը՝ 15,5 տկոս: Առևտրի շրջանառության աճն առաջին չորս ամիսներին կազմել է 4,8 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի դինամիկան դեռ բացասական է՝ 2,9 անկման ցուցանիշով:

Հունվար-ապրիլին 8,1 տոկոսով աճել է արդյունաբերական գների ինդեքսը, 3,1 տոկոսով՝ Էլեկտրաէներգիայի արտադրությունը: Արտահանումն աճել է 16,7 տոկոսով: Բացասական շրջափուլից դուրս է եկել նաև ներծումը՝ 2,2 տոկոս:

Հայաստանի տնտեսությունը, ըստ Վիճակագրական կոմիտեի, անցյալ տարի պատուհասած երկու աղետներից՝ կորոնավիրուսի համաճարակից ու պատերազմից հետո, առաջին անգամ դուրս է գալիս բացասական դինամիկայի շրջափուլից:

Տնտեսական ակտիվության աճը բավարար չէ խիստ լավատեսական կանխատեսումների համար

Միևնույն ժամանակ, ապրիլին տնտեսական ակտիվության կտրուկ աճը դեռ բավարար չէ տարվա կտրվածքով խիստ լավատեսական կանխատեսումների համար:

Երկու պատճառով: Նախ, անցյալ տարի ապրիլին երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տնտեսական գործունեության խիստ սահմանփակումներ էին սահմանվել (լոքդաուն), որի պատճառով տնտեսական ակտիվությունը շեշտակի նվազել էր: Երկրորդ, գնաճը գտնվում է վերջին տարիների համեմատ աննախադեպ բարձր մակարդակի վրա, որն ուղղակիորեն հարվածում է սպառողների գրպաններին: Սպառողական գների ինդեքսն ապրիլին այնցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել է 6,2 տոկոսով, իսկ հունվար-ապրիլին՝ 5,4 տոկոսով: Իսկ լայն սպառման որոշ ապրանքատեսակների գծով գնաճը հասել է 60-70 տոկոսի:

Ի դեպ հենց գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին, 2021-ի փետրվարի 2-ին և մայիսի 4-ին բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համապատասխանաբար 1, 0,25 և 0,5 տոկոսային կետերով։ Այժմ այն 6 տոկոս է:

Համաձայն, վերջերս հրապարակված Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցի՝ 2021-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 3,3%-ով՝ արտահանման, զբոսաշրջության և դրամական փոխանցումների եկամուտների վերականգնման հաշվին: Դեռևս մարտին Կենտրոնական բանկը կանխատեսել էր ՀՀ տնտեսության 1,4 տոկոսի աճ, որը ԿԲ-ն կարող է վերանայել տնտեսական ակտիվության շարունակական դրական զարգացումների պարագայում:

Լիա Ավագյան

Մեկնաբանել