Տասը փաստ 2020-ի բյուջեի կատարողականի մասին․ ընթացիկ ծախսեր և դեֆիցիտ (մաս 1)

2020-ի պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նախատեսել էր, որ եկամուտները պետք է լինեն 1,695 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1,856  տրիլիոն դրամ։ Սակայն COVID-19-ի համավարակը և Արցախյան 2-րդ պատերազմը ստիպեցին էականորեն վերափոխել այդ ցուցանիշները, արդյունքում՝ 2020-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների փաստացի մեծությունը կազմել է 1,563 տրիլիոն դրամ (-7.8%), իսկ ծախսերը` 1,895 տրիլիոն դրամ (2.1%): Այս հոդվածաշարում՝ երկու հոդվածի տեսքով, պատրաստվում ենք ներկայացնել 2020-ի պետական բյուջեի կատարողականին վերաբերող առավել ուշագրավ 10 փաստ. առաջին հոդվածը վերաբերում է ընթացիկ ծախսերին և դեֆիցիտին։

Պարգևատրումներն աճել են 7,3%-ով 

2020-ին պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կազմել է  176,1 մլրդ դրամ՝ շուրջ 2%-ով (3,5 մլրդ դրամ) ավելի, քան 2019-ին։ Թեև ֆինանսների նախարարությունը բյուջեի կատարողականի հաշվետվությունում նշել է, որ նման աճը հիմնականում պայմանավորված է օրենքով սահմանված աշխատավարձերի դրույքաչափերի բնականոն աճով, դժվար չէ նկատել, որ իրականում այդ 3,5 մլրդ դրամից 2,5 մլրդ դրամը պարգևատրումների հավելաճն է։ 

2020-ին պետական հիմնարկների աշխատողները ստացել են 37,2 մլրդ դրամի պարգևատրում՝ 7,3%-ով ավելի, քան նախորդ տարի։ Պարգևատրումների աճը համատարած չէ, ավելին, պետական առանձին հիմնարկների դեպքում նույնիսկ էական անկում է արձանագրվել, օրինակ՝ Ազգային ժողովում՝ 39%, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում՝ 77%, իսկ աճ արձանագրվել է ոստիկանությունում՝ 43%, ՊԵԿ-ում՝ 35,2%։ 

Քանի որ հասարակության լայն շրջանակներում տարընկալումներ կան  պարգևատրումների հետ կապված, հարկ է նշել, որ պարգևատումներ ստանում են ոչ միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները, այլև պետական հիմնարկների աշխատողների մեծամասնությունը, այսինքն՝ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։

Գծապատկեր 1 Պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը, 2018-2020 թթ,  մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

Հանրությանը հուզող մեկ այլ կարևոր հարց է, թե ինչքան պարգևավճարներ են տրվել վերջին տարիներին։ Համաձայն ֆինանսների նախարարության տվյալների՝ 2018-2020 թթ․ պետական հիմնարկների աշխատողները ստացել են 84,1 մլրդ դրամի պարգևատրում։

Պետական բյուջեից ամեն ծախսած 1000 դրամից 188 դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը

Վերջին երեք տարիներին կենսաթոշակների գծով ծախսերը շարունակաբար աճում են։ 2020-ին պետական բյուջեից կենսաթոշակների վճարմանն է ուղղվել 356,9 մլրդ դրամ՝ 11,8%-ով ավելի, քան նախորդ տարի,  ինչը պայմանավորված է կենսաթոշակների միջին ամսական չափի աճով։ Մասնավորապես, գործող կառավարությունը իր 2019-ի ծրագրում նպատակադրել էր պարբերաբար ավելացնել կենսաթոշակների միջին ամսական չափը՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով: Այսպես, 2020-ի հունվարի 1-ից աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը բարձրացվել են 16 000 դրամից 18 000 դրամի, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար բարձրացել է 800 դրամից 950 դրամի, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամից 1600 դրամի։ 

Գծապատկեր 2 ՀՀ  2019-ի և 2020-ի պետական բյուջեի ծախսերը կենսաթոշակների վճարման գծով, մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

2020-ին ընդհանուր կենսաթոշակառուների թիվը ավելացել է աննշան, սակայն նոր նշանակված կենսաթոշակառուների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է (կազմելով 49 103 մարդ), ինչը վկայում է բնակչության ծերացման միտումների մասին։ 

Ընդհանուր առմամբ, 2020-ին կենսաթոշակի գծով ծախսերի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում եղել է 18,8%։ Այլ կերպ ասած, պետական բյուեից ծախսված ամեն 1000 դրամից 188 դրամը ուղղվել է կենսաթոշակների վճարմանը, այն դեպքում, երբ պաշտպանությունն է ուղղվել 205 դրամը։

Երրորդ հանրապետության պատմության մեջ վճարվել է ամենաշատ տոկոսավճարը՝ գրեթե 165 մլրդ դրամ

2020-ին պետական պարտքի տոկոսավճարների վճարմանն է ուղղվել 164,8 մլրդ դրամ` 2%-ով պակաս, քան պլանավորված էր, և 4,6%-ով ավելի, քան նախորդ տարի, ինչը ռեկորդային մեծություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։

Գծապատկեր 3․ ՀՀ  պետական բյուջեի ծախսերը տոկոսավճարների գծով, 2018-2020թթ․, մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

2020-ի տարեվերջի դրությամբ՝ պետական պարտքը հասել է գրեթե 8 մլրդ դոլարի։ Չնայած դրան, պետական պարտքի պորտֆելի կառավարման բոլոր ուղենիշային ցուցանիշները մնացել են թիրախային միջակայքում, իսկ միջին տոկոսադրույքը նույնիսկ նվազել է 0,5 տոկոսային կետով՝ հասնելով 4,3%-ի։ Այլ կերպ ասած, թեև պետական պարտքը 2020-ին աճել է, այն դեռ կառավարելի է։

Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկման ազդեցությամբ՝ չի հաջողվել ՀՀ կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ պահել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմից ներքև (2020թ-ին այն հասել է 63,5%-ի)։ Կառավարությունը պետք է մշակի միջոցառումների ծրագիր առաջիկա հինգ տարիներին պարտքի բեռը 60%-ից նվազեցնելու համար։

Համայնքները պետական բյուջեից ստացել են 22%-ով ավելի դրամաշնորհներ, քան 2019-ին

2020-ին պետական բյուջեից համայնքներին տարբեր ծրագրերի գծով հատկացվել է 88,5 մլրդ դրամ՝ 22%-ով ավելի, քան 2019-ին։

Գծապատկեր 4 ՀՀ պետական բյուջեի ծախսերը համայնքներին տրվող դրամաշնորհների գծով, 2018-2020 թթ, մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

2020թ․-ին հատկապես էական աճ է (2.2 անգամ) արձանագրվել կապիտալ սուբվենցիաների գծով։ Մասնավորապես, տարվա ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են 760 սուբվենցիոն նախնական հայտ ու տեխնիկական բնութագիր, որոնցից միայն 705 սուբվենցիոն ծրագրերի մասով են կազմվել ամբողջական փաթեթներ և ներկայացվել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որոնց ճնշող մեծամասնությունը (700) հավանության է արժանացել, ընդ որում՝ սուբվենցիաներ են ստացել նախատեսված 373 համայնքներից 343-ը։

2020թ-ին պետական բյուջեի դեֆիցիտը նախնական պլանավորվածից ավել է եղել 173 մլրդ դրամով

Սկզբնապես 2020թ․-ին հաստատված բյուջեով նախատեսված էր, որ պետական բյուջեի դեֆիցիտը լինելու է 160.6 մլրդ դրամ, սակայն հետագայում COVID-19-ի համաճարակը և արցախյան 2-րդ պատերազմը ստիպեցին, որ կառավարությունը որդեգրի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն՝ դեֆիցիտը փաստացիորեն ընդլայնելով 173.3 մլրդ դրամով։

Գծապատկեր 5․ ՀՀ  պետական բյուջեի դեֆիցիտը 2020թ․-ին, մլրդ դրամ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՖՆ տվյալների հիման վրա

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 148,1 մլրդ դրամ, որը հիմնականում ապահովել են ֆինանսական կազմակերպությունները։

Հոդվածը պատրաստել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնը:

Շարունակելի․․․