Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով հայ զինծառայող է զոհվել․ՊՆ

Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ հայկական կողմն ունի մեկ զոհ։

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)»,- տեղեկացնում է պաշտպանական գերատեսչությունը։

Ըստ ՊՆ-ի՝ իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈւ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր:

Մեկնաբանել