Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, մայիսի 25-ի երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Հարությունյանի հետ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասված է մամուլի հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել:

Մեկնաբանել