Հայաստանի սահմաններին իրավիճակն ուղիղ հետևանքն է վերջին պատերազմի ոչ համարժեք տարածաշրջանային արձագանքի

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունն ուղիղ հետևանքն է արցախյան վերջին պատերազմի ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի: Այսօր՝ մայիսի 26-ին, Երևանում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:

Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,- ասել է Արա Այվազյանը։

Մեկնաբանել