Դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մեր կարմիր գիծն են․ Զարիֆ

Իրանը շատ մտահոգ է վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանին տեղի ունեցած սրացումներից։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել, մասնավորապես, հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։

«Կոնկրետ իմ այս այցի նպատակը հետևյալն է, որպեսզի ջանքեր գործադրեմ՝ որպես հարևան երկրի ներկայացուցիչ, կարողանանք օգտակար լինել, որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան»,- ասել է Զարիֆը։

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ երեկ Բաքվում հանգամանալից զրույց է ունեցել, այսօր էլ հանդիպելու է Հայաստանի վարչապետի և նախագահի հետ․ «Հուսով եմ, որ կկարողանանք տարբերակներ գտնել վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը կարգավորելու համար»։

«Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը, մեր կարմիր գիծն են»,- նշել է նա։

Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ նրա՝ Իրանի քաղաքականությունը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանումը։

«Վերջին 30 տարիներին, խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է, մենք աշխատել ենք օգտակար լինել մեր լավ հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի այս ճգնաժամը լուծվի խաղաղ ճանապարհով։ Մենք հարգել ենք տարածքային ամբողջականությունն այդ երկու երկրների, ինչպես նաև ինքնիշխանությունը և այդ ժողովուրդների իրավունքներն ենք նաև հարգել»,- ասել է Զարիֆը։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։