Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել․ ՊՆ

Հայաստանի զինված ուժերը վերջին օրերին Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ պատասխանելով Ադրբեջանի մեղադրանքներին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։
Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։

Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։

Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»,- նշված է հայտարարությունում։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մեկնաբանել