Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգիծը արդյունավետ կարող է լինել, լավ համաձայնություն է ձեռք բերվել․ Զարիֆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ պանդեմիայի ավարտից հետո Հայաստանն ու Իրանը կկարողանան տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը»,- ասել է Զարիֆը։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Իրանի քաղաքաշինության ու ճանապարհների նախարարի այցը Հայաստան «շատ հաջողված էր»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում:

«Ցավում եմ, որ այս նոր սրացման հետևանքով զոհ եք ունեցել: Երեկ ես շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես նաև իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, կկարողանա նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա»,- նշել է Մոհամմադ Զարիֆը։

Մեկնաբանել