Մեծ երազ ունենալու փոխարեն՝ Սփյուռքի հնարավորությունները ուղղել ենք փոքր ծրագրերին․ Վիգէն Չըթըրեան

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում, 2019թ․ սեպտեմբեր

«Սփյուռքը պարտվեց իր ծրագրերում, որոնք փորձել է իրականացնել Հայաստանի անկախացումից ի վեր»․ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, լրագրող, Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Պատերազմում պարտության մասին նա ասում է, որ պարտվել ենք բոլորս, այդ թվում՝ Սփյուռքը։

«Ես կիսում եմ այն գաղափարը, որ Հայաստան-Սփյուռք մեկ օրգանական երևույթ է, և Հայաստանը չհասկացավ Սփյուռքի հնարավորությունները, էությունը՝ ինչպես աշխատի կամ չաշխատի Սփյուռքի հետ։ Սփյուռքը, միևնույն ժամանակ, չկարողացավ Հայաստանից անկախ քննադատական միտք ստեղծել, և այս երկուսը իրար հետ դիալեկտիկ հարաբերության մեջ են։

Եթե Հայաստանում պետական կառույցները չհասկանան Սփյուռքը, վերջինում սխալ քաղաքականություն մշակեն, այն չի կարողանա ստեղծել քննադատական, ստեղծագործական միտք։

Մեծ գաղափար, երազ ունենալու փոխարեն մենք Սփյուռքի հնարավորությունները ուղղել ենք այդ փոքր ծրագրերին

Սփյուռքը փորձել է Հայաստանին օգնել, բայց այդ օգնությունը հասկացել են՝ Հայաստանում փոքր ծրագրեր իրականացնելով՝ մի տեղ, մի գյուղի մեջ ջրի խողովակ կառուցելով, ուրիշ դպրոցի պատեր ներկելով և այլն։ Իմ կարծիքով՝ Սփյուռքի պոտենցյալը մսխել են։ Սփյուռքը չպետք է Հայաստան գա և այստեղ փոքր-փոքր կարկատաններ իրականցնի։ Սփյուռքը հսկայական հնարավորություններ ունի։

Մեծ գաղափար, երազ ունենալու փոխարեն մենք Սփյուռքի հնարավորությունները ուղղել ենք այդ փոքր ծրագրերին։ Օրինակ 1991-ին, երբ Հայաստանը անկախացավ, իշխանությունները և մտավորական ուժերը պետք է գային և որոշեին, որ մենք քսան տարի հետո ունենալու ենք համալսարան, մեր Երևանի Պետական համալսարանը լինելու է աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը և մենք փորձենք օգտագործենք Սփյուռքի հնարավորությունները այդ ուղղությամբ։

Կարո՞ղ եք երևակայել՝ մենք ինչ երազներ կարող էինք ունենալ, մենք չունեցանք և ունենք այն, ինչ ունենք այսօր։

Մենք Սփյուռքի մեջ պետք է ունենայինք կառույցներ, որոնք կկարողանային օգնել Հայաստանին, օգնել այդ արդիականացման ծրագրերը իրականացնելուն, բայց մենք նման Սփյուռք ունենալու համար պետք է միևնույն ժամանակ ներդրումներ կատարենք, իսկ մենք վերջին երեսուն տարների ընթացքում շատ քիչ ներդրումներ ենք կատարել մեր Սփյուռքի կառույցների մեջ։ Մեր թերթերը այսօր աղքատիկ են դարձել, մենք չունենք մտավորական կենտրոններ։ Մեր մտավորական խավը չի կարող աշխատել մեր Սփյուռքի, Հայսատանի համար, իրենք ստիպված են աշխատել իրենց երկրների թերթերի, համալսարանների, հետազոտական կենտրոնների մեջ։ Այսինքն մենք այդ մտավոր ներուժը, որ ունենք, չենք կարողացել բերել հայկական դաշտ՝ Սփյուռք-Հայաստան համայն հայկական դաշտ։ Դա անելու համար մենք կարիք ունենք Սփյուռքում ֆինանսական ներդրումներ անելու։ Մենք այդ ֆինանսական հնարավորութունները բերել ենք այստեղ և ճանապարհ ենք սարքել։

Սփյուռքի բազմազանությունը հետաքրքրական է, բայց այդ բազմազանությունը կազմակերպելու համար կենտրոնի կարիք կա

Հայաստանը ազգ-պետություն է, Սփյուռքը տարբեր-տարբեր շերտեր է և այդ բազմազանությունն է, որ հետաքրքրական է, բայց այդ բազմազանությունը կազմակերպելու համար կենտրոնի կարիք կա։

Երբ Հայսատանը անկախ պետություն չէր, մենք Սփյուռքում տարբեր կենտրոններ ենք ունեցել, բայց 90-ականներից հետո նման կենտրոն ունենալու ունակություն, հնարավորություն, պոտենցիալ չունենք Սփյուռքի մեջ։ Մի խոսքով՝ Երևանի քաղաքական ուժերը, մտավորական ուժերը պետք է գիտակցեն և այդ գիտակցության ուղղությամբ աշխատեն՝ ռազմավարություններով, կոնկրետ քայլերով։

Երևանի պետական համալսարանը փոքր մոնոպոլիա է, պետք է բացենք այդ համալսարանը, ստեղծենք համագործակցություն Սփյուռքի հետ, կիսենք մեր իշխանությունը։ Ոչ թե՝ դու փողը կբերես, ես կանեմ այն, ինչ կուզեմ, չէ՛, մենք պետք է կիսենք պատասխանատվությունը։

Մինչև հիմա ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունները այդ քայլին պատրաստ չեն, այլև տարբեր կառույցներ՝ սոցիալական, տնտեսական, մշակութային գիտական, նման քայլի գնալու պատրաստ չեն։ Եթե նրանք պատրաստ չեն, Սփյուռքը չի կարող շատ բան անել, կունենանք այն, ինչ որ ունենք․ կբերենք մի քանի հարյուր, հազար դոլար կամ մի քանի միլիոն դոլար և փողոցները կասֆալտապատենք։

Հայերի հավաքական ներուժ․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Հայերի հավաքական ներուժը կա, ես տեսնում եմ, բայց այդ ներուժը օգտագործելու համար մենք չենք կարող միայն Հայսատանի ուղղությամբ մտածել, մենք պետք է այդ ընդհանուր ներուժի մասին մտածենք։ Այդ ներուժը կա Հայաստնում, այդ ներուժը կա Ղարաբաղի մեջ, այդ ներուժը սփռված է աշխարհով մեկ։ Բայց մենք պետք է գիտակցնեք այդ իրականությունը, որ հայը միայն այս պետությունը չէ, հայը պատմության բերումով սփռված ազգ է, և եթե մենք այդ իրողությունը գիտակցենք և այդ ուղղությամբ աշխատենք, մենք ավելի լավ սփյուռք կունենանք և ավելի լավ Հայաստան։

Պատրաստեց Լիա Ավագյանը

Մեկնաբանել