Այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Փաշինյան

Այս պահին ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմական դրություն կարող է իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ։ Մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ անում է դիվանագիտական ճանապարհով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը լուծելու համար․ «Բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում, մենք, իհարկե, մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մասին պետք է մտածենք։ Ուզում եմ ընդգծել, որ հենց Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ-ն են որպես գործընկեր հորդորում, որ մենք քաղաքական եղանակներով այս հարցը լուծենք»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մեկնաբանել