Հայաստանը 26 տարվա նվեր էր ստացել՝ Ղարաբաղի հարցը լավ դիրքերից լուծելու համար․ Չըթըրեան

Մինչև պատերազմը Հայաստանի իշխանությունները չէին հասկացել, թե ինչ մեծ ազդեցություն ունեին Ադրբեջանի հանրային կարծիքի վրա․ ՍիվիլՆեթի տաղավարում ասում է քաղաքագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։

«Այդ ազդեցությունը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով․ թե Ադրբեջանում և թե Հայաստանում 2018-ից առաջ եղել է հանրային կարծիք, որը դժգոհ էր կոռումպացված, ոչ ժողովրդավարական իշխանությունից։

2018-ից հետո Ադրբեջանի հանրային կարծիքը ապշած էր և չգիտեր՝ ինչ դիրքորոշում որդեգրել՝ տեսնելով, որ «թշնամի» հայերին հաջողվեց առանց զոհեր ունենալու իշխանափոխություն անել։ 

Ադրբեջանական հանրային կարծիքում Հայաստանը մեծ կապիտալ ուներ։ Եվ փոխանակ այստեղի իշխանություններն օգտագործեին այդ կապիտալը, նրանք Ադրբեջանի առաջ դրեցին ազգայնական դիսկուրս, Ղարաբաղի հարց, սառը ջուր լցրեցին Ադրբեջանի հանրային կարծիքի վրա և ուժեղացրին Ալիևի հնարավորությունները՝ դրանք թուլացնելու փոխարեն։

Նման դիսկուրս զարգացնելով՝ պետք էր փորձել թուլացնել լարվածությունը, փորձել ստեղծել պայմաններ, որտեղ Ղարաբաղի հիմնահարցը չէր գրգռվի, մանավանդ այն ժամանակ Հայաստանը 4-5 տարվա կարիք ուներ՝ իր ներքին հարցերը լուծելու, ներքին բարեփոխումներ իրականացնելու։

Ես սպասում էի այն ժամանակ, որ Հայաստանի իշխանությունները փորձեն որքան կարող են՝ պահեն Ղարաբաղի հարցը, որ իրենց տունը կարգի բերեն։ Ես գուշակում էի, որ հետհեղափոխական իշխանությունները իրենց առաջին մանդատը ներքին հարցեր լուծելու ուղղությամբ պետք է ներդնեն։ 

Ես վստահ էի, որ եթե այդ ուղղությամբ գնան, կունենային անպայման երկրորդ մանդատ, որով հնարավորություն կունենային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ իրենց աշխատանքը և իրենց ռեսուրսները կենտրոնացնել։

Նիկոլ Փաշինյանը, այդ հարցերը դուրս բերելով, ոչ միայն չկարողացավ Ադրբեջանի հետ լեզու գտնել, այլ Ադրբեջանին գրգռեց, օրինակ՝ ասելով, որ Ղարաբաղի հայությանը բանակցությունների մեջ ներկայացնելու մանդատ չունի, պետք է անպայման Ղարաբաղը ներգրավվի բանակցություններում։ Նման բանը կարող է շատ սիրուն հնչել, բայց նման քաղաքական դիրքորոշումներով մենք վերջ ենք դնում բանակցությունների գործընթացին, և եթե բանակցությունները մենք կասեցնենք, ի՞նչ է հաջորդ քայլը։ Մեզ ո՞ւր կտանի այդ ամենը։ Ռազմավարական միտք չկար, ամբողջովին էքսպերիմենտալ մոտեցումներ էին։ Եվ այդ էքսպերիմենտը մեզ դրեց շատ դժվար կացության մեջ այսօր։

Ինչպե՞ս է փոխվում Ադրբեջանի հետպատերազմյան ինքնությունը

Շատ կարևոր հարց է, որի պատասխանը չունենք, ո՛չ ես ունեմ, ո՛չ էլ ադրբեջանցիները այսօր ունեն։ Այդ չափանիշներով, որ Ադրբեջանի արդի ինքնությունը շարադրված էր 1994-2020-ին, չի շարունակվելու։ Ադրբեջանն իր ազգային ինքնությունը կերտել էր հայերի՝ թշնամու կերպարի շուրջ։ Նրանց թշնամին այն ժամանակ հաղթանակած թշնամի էր, այսօր նրանց թշնամին թույլ թշնամի է, ուրեմն նույն հողի վրա ադրբեջանական ազգային ինքնություն շարադրելը և զարգացնելը չի աշխատելու։ Ես ինչքան հետևում եմ Ադրբեջանի նոր դիսկուրսին, այնտեղ կա հսկայական դժվարություն՝ շարադրելու ադրբեջանական նոր քաղաքականությունը։ Ամեն անգամ, երբ ես նրանց հետ զրույցի մեջ եմ մտնում, փորձում եմ նրանց թեզերին հակադրվել, նրանք ասում են՝ «բա հիշո՞ւմ եք՝ մեր տարածքները գրավված էին, քանդվեցին» և այլն, այսինքն՝ վերադառնում են 2020-ից առաջ տեղի ունեցած դեպքերին։ 

Հայաստանում մտավորական, քաղաքական ուժեր չեմ տեսնում, որոնք կկարողանան Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնել, որտեղ կկարողանան Ադրբեջանի առաջադրած գաղափարներին հակադրել հայկականը։ Այսօր Ադրբեջանում կա շատ շվարած իշխանություն, որը չգիտի՝ ինչ է ուզում, և երբեմն դրական սիմվոլիկ քայլեր են անում Հայաստանի ուղղությամբ, օրինակ Ալիևի դիսկուրսները, որ «մենք ուզում ենք խաղաղություն, մենք ուզում ենք երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հանրությունների միջև, մենք պատրաստ ենք Հայաստանին գազ տրամադրել մեր ենթակառուցվածքների միջոցով» և այլն։ Միևնույն ժամանակ, իրենք շատ հակասական և շատ բացասական ուրիշ  քայլերի են գնում։

Հայոց բանակը պարտվեց, որովհետև քաղաքական միտքն էր ձախողվել

Բանակը պատրաստ չէր, մեր դիվանագիտությունը պատրաստ չէր, քանի որ մեր քաղաքական միտքը ձախողվեց։ Ռազմաճակատում պարտություն կրելով՝ մենք արդեն պարտված էինք մեր քաղաքական մտքում։ Առաջին պատերազմից հետո Հայաստանի քաղաքական միտքը չէր ըմռնբել, որ այս հակամարտությունը չի վերջացել, որ 1994-ի մայիսին Հայաստանը չէր հաղթել, դա հրադադար էր, և այնտեղ Հայաստանը 26 տարվա նվեր էր ստացել այս հարցը ուրիշ միջոցներով լուծելու՝ լավ դիրքերից։ 

Բայց այդ ռեսուրսներն օգտագործելու փոխարեն, մենք 26 տարի մսխեցինք՝ երևակայելով, որ հաղթել ենք։ Մենք չէինք հաղթել, ստեղծվել էր ուժերի որոշակի հավասարակշռություն, որտեղ Ադրբեջանը հոգնած էր, բայց Հայաստանը նույնպես մեծ զոհեր տալուց հետո հոգնած էր, և 94-ի համաձայնությունը այդ իրողության արտացոլումն էր դիվանագիտական դաշտում։ Իսկ մենք Հայաստանում և Սփյուռքում երևակայում էինք, որ մենք հաղթանակել ենք և այդ հարցը քաղաքական միջոցներով լուծելու կարիք չունենք։ Մեր հիմնական պարտությունն այդտեղից է գալիս։

Մեր քաղաքական միտքը դարձել էր մեկ գաղափարի մոնոպոլիա, մեր քաղաքական միտքը դասավորված չէր դաշտում, որտեղ կար մրցակցություն։ Լավ, եթե մեկ քաղաքական հոսանք առաջ տաներ այն թեզը, որ մենք հաղթանակած ենք, բայց կլինեին ուրիշ հոսանքներ, որ կքննադատեին այդ միտքը, և քննադատության միջոցով մենք ստեղծեինք իրողությունները, զարգացումները հասկանալու հնարավորություն։ Բայց ոչ, մենք տարիներ շարունակ կրկնել ենք նույն գաղափարները, որ կարող է այդ գաղափարը 1994-ի, 1996-ի ամռանը ճիշտ էր, բայց 2008-ին, 2016-ին այլևս ճիշտ չէին։ 

Բարեփոխումները ձախողելու մասին

Հիմնական ձախողումն այն է, որ Հայաստանում երբեք չկարողացանք բարեփոխել այն համակարգը, որը ստացել էինք Խորհրդային Միությունից։ Հայաստանի պետական վարչարարությունը, Հայաստանի բանակը, քաղաքական միտքը, կրթական համակարգը, համալսարանները ժառանգորդն են այդ ջախջախված Խորհրդային Միության։ Իսկ Հայաստանի հիմնական կարիքն այն է, որ մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի մեր պետական համակարգը, բանակը, դիվանագիտությունը, համալսարանները, դպրոցները, դառնան արդիական, ստեղծենք մի համակարգ, որը կհամապատասխանի այն կարիքներին, որ ունենք այսօր։ 

Եվ մեր հսկայական դժվարությունն այն է, որ 2018-ին մենք ստացանք պատմական հնարավորություն, նվեր՝ իրականացնելու այդ բարեփոխումները, բայց այդ շանսը, այդ նվերը ոչ միայն պարտվեց 2020-ին, այլ այստեղ ձևավորված ղեկավարությունը նույնիսկ այդ ունակությունը չուներ՝ իրականացնելու այդ բարեփոխումները։ Մեր հիմնահարցն այն է, թե երբ ենք  ունենալու նման բարեփոխումներ իրականացնելու հաջորդ հնարավորությունը, և մինչ դա Հայաստանի տարբեր բնագավառներում ինչ կուտակումների կարիք ունենք, որ մենք հաջորդ շանսը դարձյալ չվատնենք։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը