Ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են 6 հայ զինծառայողի․ ՊՆ

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի զինված ուժերի վեց զինծառայող։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարությունը։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։