Եթե գերիների խնդիրը չլուծվի օրերի ընթացքում, գերիները կփոխանակվեն գերիների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եթե Գեղարքունիքի մարզից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները կփոխանակվեն գերիների հետ։

«Մենք ունենք սահմանային լարվածություն ւ լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը։ Իրենք անընդհատ իրականացնում են պրովոկացիոն գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի։ Վերջին հաշվով, եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ։ Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ նոր գերիներ չունեին»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է մայիսի 12-ից առաջացած սահմանային խնդրի լուծումը, այլև նոր իրողություն է առաջ բերում․ «Սա արդեն հղի է շատ լուրջ հետևանքներով և պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մեկնաբանել