Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, թե գերեվարված 6 հայ զինծառայողները հատել են սահմանը։ Գերատեսչությունը նաև հրապարակել է հայ զինծառայողների գերեվարման տեղանքի քարտեզը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։