Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան է ներկայացնելու։

«Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ: Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է և իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- գրել Փաշինյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։