Ադրբեջանը գոհ չէ ներկայիս ստատուս-քվոյից և դիմում է սադրանքների․ Էրիկ Հակոբյան

ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան, հաղորդավար Էրիկ Հակոբյանը անդրադառնում է Հայաստանի Սյունիք և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակին և շարունակվող ճգնաժամին։ 

«Եվ Սյունիքի, և Գեղարքունիքի մարզերում դեռ շարունակվում է անցյալ շաբաթ սկիզբ առաջ ճգնաժամը՝ ադրբեջանցիները հատել են մեր սահմանները, մուտք գործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք և հենակետեր դրել։ 

Գրանցված են մի քանի միջադեպեր, որոնցից ամենամեծը երկու օր առաջ էր, երբ հրազենային կրակոցից Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում սպանվեց պայմանագրային զինծառայող։ Իսկ այս առավոտյան մենք իմացանք, որ մեր վեց զինծառայողներ փաստորեն առևանգվել և գերեվարվել են մեր իսկ տարածքից։ 

Բացի այդ, ամբողջ շաբաթ ականատես ենք եղել անհեթեթ հոլովակների ու լուսանկարների, որոնցում մեր և ադրբեջանական զինվորները վիճաբանում ու կռվում են իրար հետ փայտերով ու քարերով, կռիվներից մեկը տևել է ավելի քան մեկ ժամ, որից հետո երեսուն ադրբեջանցի զինվոր և տասնմեկ հայ զինվոր է հոսպիտալացվել։

Ակնհայտ է, որ սա շատ վտանգավոր իրավիճակ է, ադրբեջանական կողմի այս սադրանքները հեշտությամբ կարող են փոխհրաձգություն հրահրել։ Սա պետք է դադարի, հակառակ դեպքում կարող է հանգեցնել իրադարձությունների շատ ավելի լուրջ զարգացման։

Մինչ այս ճգնաժամը խորանում է, մենք ավելի հստակ ենք տեսնում ադրբեջանական հերթական ագրեսիայի սկզբնաղբյուրը Հայաստանի հանրապետության նկատմամբ։ 

Առաջինը՝ ադրբեջանական կողմը գոհ չէ ներկայիս ստատուս-քվոյից, հատկապես Ղարաբաղի մասով։ Կարծում եմ՝ խնդրի կենտրոնում դեմարկացիայի հարցն է, որի շուրջ խոսվում է տասն օրից ավելի։ 

Ի՞նչ է դեմարկացիան։ Հստակ սահմանների որոշումն է միջազգային քարտեզների հիման վրա, մեր դեպքում՝ խորհրդային ժամանակներից:

Մի բան հստակեցնենք՝ դեմարկացիան ինքնին վատ բան չէ, դա կարող է անվտանգություն և հստակություն բերել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։ Սակայն, ինչպես աշխարհի այս տարածաշրջանի դեպքում գրեթե ամեն ինչում, սատանան մանրուքներում է թաքնված։ 

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում դեմարկացիայի հարցը կախված է նրանից, թե ինչպես է այն ձևակերպված։ Ենթադրում եմ՝ ադրբեջանական կողմի ուզածն այն է, որ Հայաստանն ասի՝ սրանք մեր սահմաններն են, և դա անելով՝ հրաժարվի Արցախի ինքնիշխանության, Արցախի ժողովրդի ինքնակառավարման ու ինքնիշխան լինելու և ի վերջո, անկախության որևէ պահանջից։

Անկախություն և ինքնիշխանություն, որոնց նրանք արժանի են և իրավունք ունեն պահանջել՝ հաշվի առնելով ադրբեջանական վարչակարգի ցեղապսան բնույթը։ 

Կարծում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիային հասնելու միջոցներ կան՝ առանց այդ զիջումներին գնալու։ Ներկա բախման ու խնդրի հիմքում ընկած է այն, որ ադրբեջանցիները ցանկանում են իրենց կամքը պարտադրել, որպեսզի հայկական կողմը կարգավորի Արցախի հարցը՝ առանց Արցախի անունը հիշատակելու։ Դա մեր կողմից անընդունելի է, և պետք է միավորվենք՝ դա թույլ չտալու համար»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի