Վաշինգտոն․ Ազատել գերիներին, վերադառնալ ելման դիրքեր, հրաժարվել ուժի կիրառումից

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերադառնալ ելման դիրքեր, սահմանի երկայնքով չկատարել սադրիչ գործողություններ և վերսկսել գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ներքո։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարմամբ։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ և խաղաղ կարգավորել այս միջադեպը։ Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց և Ադրբեջանին հիշեցնում միջազգային մարդասիրական օրենքներով ստանձնած՝ բոլոր գերիներին մարդասիրաբար վերաբերվելու իր պարտավորությունները։

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չսահմանագծված հատվածներում ցանկացած տեղաշարժ համարում է սադրիչ և անտեղի։

Մենք դեմ ենք սահմանագծման նպատակով ուժի կիրառմանն ու կոչ ենք անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր, հրաժարվել չսահմանագծված հատվածներին ռազմական հենակետեր տեղադրելուց և տարածքն ականապատելուց։

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերատեղակայել իր ուժերն այն դիրքերում, որոնցում դրանք էին մայիսի 11-ին։ Մենք Հայաստանին նույնպես կոչ ենք անում վերադառնալ մայիսի 11-ի դիրքերին։

Այս գործողությունները կնպաստեն լարվածության թուլացմանը և կստեղծեն տարածք բանակցային խաղաղ գործընթացի համար՝ շուտափույթ սահմանագծման նպատակով։

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին։

Միացյալ Նահագները հորդորում է կողմերին որքան հնարավոր շուտ վերադառնալ բովանդակային բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման»։

Մեկնաբանել