2018-ին եկել ենք, փորձել ենք ցեմենտով ու արմատուրաներով չկառուցված շենքը ամրացնել․ Փաշինյան

նիկոլ փաշինյան- nikol pashinyan

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց իշխանությանը մեղադրելու որևէ իրավունք չունեն, քանի որ նրանց օրոք կառուցվող «պետական շենքի ցեմենտը, ամրաններն ու ամեն ինչ գողացվել էր», իսկ երբ 2018-ին «Քաղաքացիական պայմանագիրը» եկել է իշխանության, փորձել է այդ շենքն ամրացնել։ Այդ մասին Փաշինյանը հայտարարեց Աջափնյակի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

«2018-ին մենք եկել ենք, փորձել ենք ցեմենտով ու արմատուրաներով չկառուցված շենքը ամրացնել….առաջին հերթին՝ Զինված ուժերում: Ոչ ոք հարց չի տալիս, թե 2018-ին ինչու պիտի զինված ուժերում լիներ պրոբլեմ, երբ զինվորի արձակուրդի 10 000 դրամը չէին տալիս»,- հարցնում է Փաշինյանը։ Վերջինս նաև հարց է բարձրացնում, թե ինչ իրավունք ունի իրենց քննադատել ու դավաճանության մեջ մեղադրել այն ուժը (նկատի ունի ՀՅԴ-ին), որ ժամանակին ստորագրվել են Ալեքսանդրապոլի ու Բաթումի ամոթալի պայմանագրերը։ Անդրադառնալով պատերազմից խուսափելու հնարավորություններին՝ Փաշինյանն ասաց. «Մեզ մեղադրում են պատերազմից չխուսափելու մեջ. պատերազմից խուսափող էիք՝ 2016-ի քառօրյայից խուսափեիք, այդ պատերազմը նախերգանքն էր, իսկ պատերազմից խուսափելու ձև կար, դա հետևյալն էր. 7 շրջանները հանձնել առանց պայմանների Ադրբեջանին, Արցախի կեսն էլ հանձնել, ճակատագիրն էլ թողնել անորոշ։ Մենք կարծել ենք, որ պետք է չհաննձվենք ու պետք է պայքարենք»։

Փաշինյանը քննադատել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարելով, որ առաջին նախագահի պատկերացումն Արցախի հարցի մասին այն է, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ», ինչին իրենք համաձայն չեն եղել ու հիմա էլ համաձայն չեն։ Ինչ վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում ներկայում տիրող իրավիճակին, վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ պետք է գնալ պատերազմը բացառելու ուղղությամբ և քաղաքական ճանապարհով խնդիրը լուծել, նա կրկնեց երեկ Անվտանգության խորհրդում արած իր առաջարկը՝ սահմանային այդ հատվածներից երկու կողմի զորքերն էլ հետ քաշելու ու միջազգային ուժերի ներգրավվածությամբ սահմանային խնդիրները ճշտելու վերաբերյալ։ Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն արդեն արձագանքել է իր առաջարկին, բայց թե որ երկիրն է այդ և ինչ արձագանքի է եղել, չի մանրամասնել։

«Ես գնալու եմ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով, թող մեզ քննադատող մարդիկ ասեն, թե իրենք ինչ են անելու ու ինչպես»,- իր ընդդիմախոսներին դիմեց Փաշինյանը։ Վերջինս իր համակիրների հետ հանդիպմանը խոսեց նաև անկլավների մասին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի տիրապետության ներքո էլ գտնվում է հայկական անկլավ։ Այդ թեմայի շրջանակում Փաշինյանը բացահայտեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանը 2010-2011 թվականներին նախագծել է այնպես, որ այն չանցնի Տիգրանաշենով. «Ես ձեզ ավելին ասեմ՝ հրապարակային չեմ ասել, բայց պիտի ասեմ. Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծվել է 2010-2011 թվականներին, նախնական նախագծումը, թե ոնց պիտի անցնի այդ ճանապարհի Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը ՀՀ ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է այնպես, որ չի հասնում Երասխ ու Տիգրանաշեն, այլ գալիս է, մտնում Վեդի, շարունակում Ուրցաձորով ու դուրս գալիս Զանգակատան հատված։ Դրա պատճառով նախագիծը 70-100 միլիոն դոլարով թանկացել է։ Ինչո՞ւ էիք այդպես նախագծում, այ հայրենասեր բարեկամներ, որ Տիգրանաշենով չանցնի։ Այն ինչ ասում եմ, դա փաստ է»,- հայտարարեց նա։

Մեկնաբանել