Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են

Մայիսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի աշխատանքային հանդիպումը։ Հաղորդում է «Ռիա նովոստին»։

Հանդիպման մեկնարկին Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ամրացնում են ռազմական համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում՝ նախ և առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության։

«Արդյունավետ կերպով իրագործվում են մեր զինված ուժերի միավորված խմբավորման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա նաև շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի առիթով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական կողմը սպասում է Հայաստանի ներկայացուցիչներին՝ Միջազգային բանակային խաղերին և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին։

Մանրամասներ չեն հաղորդվում, թե ինչ են կողմերը քննարկել Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի դուրսբերման, ինչպես նաև վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 27-ի առաջարկի ուղղությամբ։ Փաշինյանն առաջարկել է, որ զորքերը վերադառնան ելման դիրքեր և Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն դիտորդներ։

Մեկնաբանել