Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպես են տեսնում անկլավների խնդրի լուծումը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջիկա ընտրություններին Քաղաքացիական պայմանագրի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին մի քանի հանդիպում ունեցավ կուսակցության գրասենյակներում։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ նա մանրամասնեց, թե ինչպես է պատկերացնում անկլավների խնդրի լուծումը․ «Մենք ասում ենք, որ միջազգային պրակտիկա կա, որ եղած անկլավային տարածքները պարիտետային սկզբունքով Արծվաշենը ձեր տիրապետության տակ է, մնում է ձեր տիրապետության տակ, Տիգրանաշենը մեր տիրապետության տակ է, մնում է մեր տիրապետության տակ։ Բանաձևը մենք առաջարկելու ենք»,- նշեց Փաշինյանը։

«Մենք մարդկանց ազատություն ենք տվել»,- ՔՊ-ի Նոր Նորքի գրասենյակում էլ հայտարարեց Փաշինյանը։ Մինչ այդ՝ առավոտյան, նա, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին Սարդարապատի հուշահամալիր՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի առիթով։ Ամեն տարի այս տոնը հուշահամալիրում նշվում էր զինվորական շքերթով ու մարդկանց մասնակցությամբ, սակայն այս անգամ հուշահամալիրի մուտքն արգելել էին քաղաքացիների, ինչպես նաև լրագրողների համար։

Խոսելով սահմանազատման մասին՝ Փաշինյանը հայտնեց․ «Սահմանազատման մասով ասում են, ուրեմն Ղարաբաղի հարցում մի դավադրություն կա։ Կներեք, այն, թե Ջերմուկի կամ Վերին Շորժայի հատվածում սահմանը ոնց է անցնում, դա Ղարաբաղի հարցի հետ ի՞նչ կապ ունի կամ ի՞նչ կապ կարող է ունենալ»։

Մայիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անդրադարձել սահմանազատման խնդրին և հայտարարել, որ «պատրաստ են ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանինը»։ Ալիևը նաև պնդել էր, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մաս է և պետք է տեղի ունենա կարգավիճակի հարցից հրաժարում»։

Ալիևի այս հայտարարությանն անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, թե Ադրեջանի նախագահին պատասխանել է միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ պնդելով, որ սահմանազատումը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ։

Այսօրվա հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ դեպք արձանագրվեց․ Փաշինյանը զրույց սկսեց մի քաղաքացու հետ հենց ՔՊ-ի գրասենյակում, և ասաց, որ հանդիպումը չնախատեսված էր, տղամարդը չէր լսել վարչապետի պաշտոնակատարի խոսքը և ընդհատելով նրան՝ նշեց․ «Առավոտ ինձ, ի պատիվ մեր թաղապետի, ինքն է զանգել մեր տուն և ասել՝ «ձյաձ Հակոբ, արի՛, պարոն Փաշինյանը գալու է, որ հանդիպես, մի երկու բան էլ ասես»»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել