«Քաղաքացիական պայմանագիրը» ունի 26 տոկոս վստահություն, բոլոր ընդդիմադիրները՝ 1-ական տոկոս․ IRI

ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է նոր սոցհարցումների տվյալներ, որոնք առնչվում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Հարցումն իրականացվել է 1 203 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։ 

Եթե նույն կազմակերպության՝ փետրվարին անցկացված հարցումների տվյալներով ամենամեծ խնդիրը, որին բախվում են քաղաքացիները, տնտեսական վիճակն էր, այժմ այս հանգամանքն իր տեղը զիջել է քաղաքական անկայունությանը։ Հարցվածների 12 տոկոսը առաջնային խնդիր է համարել քաղաքական անկայունությունը, 11 տոկոսը գերիների վերադարձը, ևս 11 տոկոսը՝ գործազրկության վիճակը։ 

Հարցին, թե արդյոք Հայաստանի գործող դատական համակարգը անկա՞խ է, թե՞ ոչ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է «միանշանակ ոչ», 20 տոկոսը՝ «հավանաբար ոչ»։ 

Հարցվածների 16 տոկոսը «շատ բարենպաստ» է համարել Նիկոլ Փաշինյանին, 29 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին հարցվածների 5 տոկոսն է «շատ բարենպաստ» կարծիք հայտնել, իսկ 35 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցվածների 5 տոկոսն է «շատ բարենպաստ» կարծիք հայտնել, ևս 15 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ» գնահատական է տվել։ 

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն են պատրաստվում ընտրել քաղաքացիները հունիսի 20-ին, հարցվածների 26 տոկոսը պատսխանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նշենք, որ ըստ նույն կազմակերպության փետրվարյան հարցման՝ «Քաղաքացիական պայմանագրին» պատրաստ էր ձայն տալ 33 տոկոսը։ 

Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Հայրենիք», «Սասնա Ծռեր» կուսակցությունները պատրաստվում է ընտրել հարցվածների 1 տոկոսը։ Ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, ըստ էության, փետրվարի հարցման համեմատ էական փոփոխություններ չկան, և «Քաղաքացիական պայմանագրի» նվազած ձայները չեն գումարվել այդ ուժերին։ Դեռ ավելին, ԲՀԿ-ին եթե փետրվարի հարցման տվյալներով պատրաստ էր ձայն տալ հարցվածների 3 տոկոսը, այժմ այդ թիվը նվազել է մինչև 1 տոկոս։ Ընդհանուր առմամբ հարցվածների 55 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին կամ դժվարացել է պատասխանել։ 

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժը հարցման մասնակիցը երբեք չի ընտրի, հարցվածների 26 տոկոսը պատասխանել է ՀՀԿ-ին (փետրվարի հարցմամբ այն 25 տոկոս էր), 18 տոկոսը՝ ԲՀԿ-ին (փետրվարի հարցմամբ այն 17 տոկոս էր), 18 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (փետրվարին 14 տոկոս էր), 12 տոկոսն էլ՝ ՀՅԴ-ին (փետրվարի հարցմամբ այն 10 տոկոս էր): 

Հարցին, թե ի՞նչն են համարում գործող կառավարության ամենամեծ ձեռքբերումը, քաղաքացիները պատասխանել են՝ ճանապարհաշինությունն ու կոռուպցիայի վերացումը, նաև բանակն ու ժողովրդավարությունը։ Ամենամեծ ձախողումը, ըստ հացվածների, պատերազմում պարտությունն է, կադրային քաղաքականությունն ու տարածքային կորուստները։ Մեկ այլ հարցի, թե արդյոք հարցվածը հավատո՞ւմ է, որ ինքը կարող է ազդել որոշումների կայացման վրա, 35 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 21 տոկոսը՝ հավանաբար այո, 20 տոկոսը՝ միանշանակ ոչ, 15 տոկոսը հավանաբար ոչ։ 

Հարցվածների 37 տոկոսը համարում է, որ եթե ընտրություններ կայանան, դրանք կլինեն ազատ ու արդար, ևս 17 տոկոսը հայտնել է, որ ընտրությունները կլինեն որոշ չափով ազատ ու արդար։ 27 տոկոսը նշել է, որ ընտրությունները ազատ ու արդար չեն լինի, ևս 15 տոկոսը հայտնել է, որ ընտրությունները որոշ չափով արդար ու ազատ չեն լինի։ 

Մկրտիչ Կարապետյան