ԵՄ-ն ողջունում է հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր ու մտահոգիչ են։ Անհրաժեշտ է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Այս մասին ասված է Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։

Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը սկսեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններ։

«Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածության թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- նշված է հայտարարությունում։

ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։

Մեկնաբանել