Բոլոր նախկին նախագահները, Վանեցյանը, Մանուկյանն ու Զոհրաբյանը ունեն ամենաբարձր հակավարկանիշը. IRI

Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ունեն ամենաբարձր հակավարկանիշը։ Այդ մասին են վկայում ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումները, որոնք հրապարակվել են մայիսի 28-ին։

Արդեն անդրադարձել էինք հարցման մեջ ներառված այն հարցին, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները առանձին գործիչների վերաբերյալ։ Այս հարցից պարզ է դառնում նաև, թե որ գործիչներն ունեն ամենաբարձր հակավարկանիշը։

Այսպես՝ Հայաստանի նախկին երեք նախագահները, ինչպես նաև նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամենաբարձր հակավարկանիշ ունեցող գործիչների ցանկում են։

Սերժ Սարգսյանի մասին կարծիք հայտնելիս 49 տոկոսը «շատ անբարենպաստ» է արտահայտվել, իսկ 20 տոկոսը՝ «ինչ-որ չափով անբարենպաստ»։

Հարցվածների 46 տոկոսը «շատ անբարենպաստ» է արտահայտվել Արթուր Վանեցյանի հասցեին, իսկ 21 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ», 41 տոկոսը «շատ անբարենպաստ» գնահատական է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ 23 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ» է գնահատել վերջինիս։

Նաիրա Զոհրաբյանին 41 տոկոսն է «շատ անբարենպաստ» գնահատել, իսկ 21 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։ Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանի հակավարկանիշն ավելի բարձր է, քան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինը (վերջինիս քաղաքացիների 34 տոկոսը «շատ անբարենպաստ» գնահատական է տվել, իսկ 19 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»):

Նիկոլ Փաշինյանի մասին հարցվածների 20 տոկոսն է «շատ անբարենպաստ» կարծիք հայտնել, ևս 13 տոկոսը «որոշ չափով անբարենպաստ» է համարել վերջինիս։

Իշխանության ներկայացուցիչներից ամենաբարձր հակավարկանիշն ունի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Հարցվածների 23 տոկոսը Սիմոնյանին գնահատել է «շատ անբարենպաստ», ևս 17 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։

Ուշագրավ տվյալ է նաև այն, որ հարցվածների 52 տոկոսը երբեք չի լսել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին։