Բաքուն հայտարարել է, թե աջակցում է Հայաստանի հետ սահմանային խնդրի լուծման Ռուսաստանի առաջարկին

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանային հարցը լուծել «կառուցողական ճանապարհով» և աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման նպատակով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկին․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստին։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Հայաստանի հետ սահմանագծումն ու սահմանազատումն անհնար էր նախկինում, քանի որ իր երկրի տարածքը «բռնազավթված էր հայկական զինված ուժերի կողմից»։

«Այժմ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքներ տեղադրել և ամբողջովին պատրաստ է և լուծելու է Հայաստանի հետ սահմանների գծումը կառուցողական հունով»,- պնդել է Ասադովը։ Նա ավելացրել է, թե իր կառավարությունը «հանձնառու է իրավիճակի կարգավորմանը և բոլոր տարաձայնությունների հանգուցալուծմանը դիվանագիտական միջոցներով՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների բարեխիղճ կատարման համատեքստում»։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել։

Մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Սահմանային լարվածությունից մեկ շաբաթ անց՝ մայիսի 17-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական սահմանազատման, սահմանագծման աշխատանքներում։

Մեկնաբանել