ԱԱԾ-ն պետք է անվտանգության հարցերով զբաղվի, ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի․ Քոչարյան

Մայիսի 29-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը պատրաստվում է կյանքի կոչել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում։ ՍիվիլՆեթը ներկայացնում է «Հայաստան» դաշինքի առաջին համար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ծրագրային դրույթների վերաբերյալ ելույթից հատվածներ։

«ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի։ Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու են անվտագության ոլորտում՝ Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է․ «Ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Մենք ունենք արագ վերականգնման ներուժ և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք պաշտպանել մեր շահերը»,- նշել է դաշինքի ղեկավարը։

Կարող եք ծանոթանալ նաև «Հայաստան» դաշինքի՝ տնտեսությանը, համաչափ զարգացմանը, մշակույթին, առողջապահությանը, կրթությանը վերաբերող հատվածներին։

Մեկնաբանել