Բայդենի վարչակազմը Հայաստանին կհատկացնի 24 մլն, Ադրբեջանին՝ 120 մլն դոլար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առաջարկել է 2022 թ․ ֆինանսական տարում 24 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտարարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը դժգոհ է օգնության չափից։

«Նախագահ Բայդենի նախատեսած բյուջեն, որն առաջարկվել է Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի ֆոնին, ամենևին չի համապատասխանում էթնիկ զտումների արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր հայերի պահանջներին։ ԱՄՆ կառավարությունը միջոցներ է գտել նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու համար, բայց այդ գումարի միայն մի մասն է առաջարկում ԱՄՆ-ից ֆինանսավորվող ադրբեջանական բանակի կողմից սպանված և տեղահանված արցախյան ընտանիքների համար»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ավելի վաղ այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը միացել էր Կոնգրեսի հայկական խմբի խնդրանքին, որով առաջարկում էին 2022 ֆինանսական տարում ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին։

Մեկնաբանել