Ճիշտը ծառայությունը շարունակելն է. Մարուքյանը՝ Այվազյանի հեռանալու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը պաշտոնատար անձանց կոչ է անում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանի շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ և հրաժարականի հարցը որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ մասին նա հայտարարեց մայիսի 31-ին՝ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

«Ճիշտը ծառայությունը շարունակելն է և ոչ թե պատասխանատվության բեռը թողնել օդում»,- ասաց նա՝ անդրադառնալով արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի հարցին։ 

Մարուքյանի խոսքով՝ արտգործնախարարի հրաժարականի պատճառների մասին իրեն ոչինչ հայտնի չէ։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային ուժեր տեղակայելու վերաբերյալ, Մարուքյանը ասաց. «Եթե առաջարկությունը ընդունվի, սահմանի վրա լարվածությունը կթուլանա։ Ինչ-որ արձագանքներ կան, որ «մենք մտահոգված ենք սահմանային լարմամբ և այլն», բայց ես չեմ տեսել որևէ երկիր հայտարարի, որ մենք պատրաստ ենք դիտորդներ տեղակայել այդտեղ։ Ադրբեջանի արձագանքն էլ չեմ տեսել»։ 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով՝ Մարուքյանն ասաց, որ եթե գործող կամ նախկին իշխանություններին ժողովուրդը քվե տա, «ղալմաղալը, կիսահայհոյախառն արտահայտություններն ու ներկա մթնոլորտը շարունակվելու են»։