Վարչապետի՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկի մասին ԱԳ նախարարը տեղյակ է եղել

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վարչապետի առաջարկի մասին համապատասխան կառույցների ղեկավարները տեղեկացված են եղել և առարկություններ չեն հնչել։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ԱԳ նախարար Արա Այվազյանը առաջարկի պատճառո՞վ է հրաժարական ներկայացրել։

«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին արտաքին գործերի նախարարին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ։ Գաղափարը հնչեցնելուց առաջ վարչապետը այդ գաղափարի մասին տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առարկություն չի հնչել»,- նշեց Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց, որ վարչապետի առաջարկին, ըստ էության, արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԱՄՆ-ն, Կանադան և այլ երկրներ․ «Հաջորդ քայլը պետք է սպասել Ադրբեջանից։ Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից»,- ասաց նա։

Մայիսի 27-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր սահմանային իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկ․ «Պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից։ Առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղայայման վայրեր։ Սահմանագծի երկայքնով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մեկնաբանել