Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը

Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։

«Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի»,- տեղեկացնում են նախարարությունից։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։