Աննա Նաղդալյանը այլևս ԱԳՆ մամուլի քարտուղարը չէ

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը գրառմամբ տեղեկացրել է, որ հեռանում է այդ պաշտոնից։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում: ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»,- գրել է Նաղդալյանը։

Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27-ին։ Նա արտաքին գործերի նախարարի պաշտոնն ստանձնել էր 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ. նոյեմբերի 18-ին։

Մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ և խոսել իր հրաժարականի պատճառների մասին։

Մեկնաբանել