Զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստն իմ բացթողումն է․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարություն է տարածել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում երեկ՝ մայիսի 31-ին, արձանագրված զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։ Ավանեսյանը ներողություն է խնդրում հարազատներից և նշում է, որ իր բացթողումն է տեղի ունեցածը։ Նախարարի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:

Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:

Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:

Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- ասված է Անահիտ Ավանեսյանի հայտարարությունում։

Մեկնաբանել