Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի․ Մհեր Գրիգորյան

Հայկական կողմը հերթական անգամ հերքում է «զանգեզուրյան միջանցքի» մասին քննարկումները։

Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց․ «Վստահեցրել եմ և վստհաեցնում եմ, եթե որևիցե մեկը միջանցք ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի եղել և չի լինելու։ Ապաշրջափակման պարագայում մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում։ Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի»,- ասել է Գրիգորյանը։

Մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրկին խոսել էր «զանգեզուրյան միջանցքի» մասին․ «Պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այս հարցին, սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»,- նշել է Ալիևը։

***

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մեկնաբանել