«Բացթողում» և «արձանագրված խնդիր»․ իշխանությունը՝ զոհված զինծառայողների մասունքների պահման պայմանների մասին

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու կամավորականների դիերի ու մասունքների անփույթ, ոչ պատշաճ պահպանման համար առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 31-ին համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մասունքներով: Ավելի ուշ հաստատվեց, որ լուսանկարն արված է Աբովյանի դիահերձարանից։

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար»,- գրել է Ավանեսյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ծառայողական քննություն է սկսելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար:

Հունիսի 1-ին Առողջապահության նախարարությունը հրապարակեց դատաբժշկական գիտագործական կենտրոնի նոր տվյալները նույնականացված դիերի վերաբերյալ։ Նախարարությունից վստահեցնում են՝ այս պահին նույնականացում չանցած մասունքներ չկան. «Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը՝ այս պահի դրությամբ՝ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար»,- հայտնեցին նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների դիերը պահելու պայմաններին, նշել է․ «Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում, և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաև առողջապահության նախարարությունը, և բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Գևորգյանը։