Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Մակրոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

«Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը»,- իր խոսքում նշել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը․ «Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև»,- ասել է նա։

Մակրոն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերին․ «Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

«Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի»,- ասել է Էմանուել Մակրոնը։