Ի՞նչ նպատակներ է հետապնդում Իրանը հետպատերազմյան տարածաշրջանում

Համիդռեզա Ազիզի

Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանը փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ մասնակցելով համագործակցության գործընթացներին: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտի իրանցի հետազոտող Համիդռեզա Ազիզին: Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի համար վտանգ չէ, և Թեհրանը, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի ազդեցությունը, տարածաշրջանում նախապատվությունը տալիս է Մոսկվային: Ըստ Ազիզիի՝ թեպետ Իրանը հայտարարություններով աջակցել է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությանը, սակայն իր համար ձեռնտու չէր Ղարաբաղյան պատերազմը:

Ղարաբաղյան պատերազմից հետո փոխվել է իրավիճակը տարածաշրջանում: Քննարկվում են տարբեր ծրագրեր, մասնավորապես տարածաշրջանի երկրների միջև 3+3 համագործակցություն և այլն: Ըստ ձեզ՝ Իրանը ի՞նչ դիրքեր ունի տարածաշրջանում և ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում Հարավային Կովկասում։

– Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իրանը տարածաշրջանում նոր իրավիճակի է բախվել, և այդ համատեքստում պատերազմի վերսկսկումը Իրանի համար անսպասելի էր: Պայմանավորված մի քանի գործոնով՝ Իրանը վտանգ տեսավ դրանում: Իրականում մի կողմից Իրանին անհանգստացնում էր Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում հօգուտ Ադրբեջանի, մյուս կողմից՝ այն մտայնությունը կար, որ Իրանի սահմանամերձ շրջանների իրավիճակի պատճառով հնարավոր է՝ Իրանը ներքաշվեր պատերազմի մեջ, օրինակ՝ Իրանի սահմաններում հրթիռների խոցումը բավական անհանգստացոնող էր վերջինիս համար: Մտավախություն կար, որ դա կարող է վերաճել Իրանի սահմանների խախտման: Վտանգ էր ներկայացնում տեղեկությունը, թե Սիրիայից վարձկան զինյալներ էին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, և, անխոս, Իրանի սահմաններին մոտ նրանց տեղակայումը բավական մտահոգիչ էր և այդ իմաստով Իրանի համար նոր մարտահրավեր էր:

Պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասում նոր իրավիճակի ստեղծումը գործնականում առանց Իրանի ներկայության ստացվեց: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայությունն ու Իրանի բացակայությունը գործնականում նոր իրավիճակ են ստեղծել: Այդ համատեքստում և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո Իրանը փորձեց հարմարվել նոր իրավիճակին: Նա փորձեց մասնակցել պատերազմից հետո առաջարկվող ծրագրերին, ինչպիսին է Թուրքիայի առաջարկած՝ տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը։ Այդ է պատճառը, որ իրականում Իրանի մոտեցումը Ղարաբաղյան խնդրի առնչությամբ բավական ակտիվ էր, և Իրանը փորձում է ներդաշնակ լինել կատարվող փոփոխություններին, պահպանել իր դիրքերը տարածաշրջանում՝ իր համար օգուտներ ստանալով։

Շատերը խոսում են պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության մասին, սակայն Ղարաբաղյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում հաստատվել են ռուս խաղաղապահ ուժեր: Ռուսական բանակի ազդեցությունը մեծացել է նաև Իրանի սահմանակից՝ Հայաստանի հարավային շրջաններում: Սա Իրանի համար վտա՞նգ է, թե՞ անվտանգության երաշխիք։

– Ավանդույթի համաձայն՝ Իրանը Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանում իր համար վտանգ չի դիտարկում, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո: Եվ անգամ Խորհրդային Միության ժամանակ Իրանը իր նախահեղափոխական շրջանում և դրանից հետո, երբ Արևմուտքի հետ լավագույն հարաբերությունները չէին, ռուսների, Խորհրդային Միության հետ կապերը բավական կարևորում էր: Եվ ԽՍՀՄ-ից հետո, հատկապես երբ Իրան-Ռուսաստան հարաբերություններում համագործակցությունը սերտացել է, Իրանը մշտապես Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ընդունելի է համարել։ Անգամ կարելի է ասել, որ Իսրայելի և Թուրքիայի ազդեցության համեմատ՝ Իրանը Հարավային Կովկասում նախապատվությունը տալիս է Ռուսաստանի ազդեցությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Նախկինում Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» էր անվանել: Ի՞նչ կարելի է հասկանալ այդ հայտարարություններից, և Իրանը ի՞նչ քայլերի է պատրաստ Հայաստանի Սյունիք և Գեղարքունիք մարզեր ադրբեջանական ուժերի ներխուժման պայմաններում։

– Իրանի հիմնական քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում, մշտապես ուղղված է ներկա իրավիճակի ու սահմանների պահպանմանը: Անգամ կարելի է ասել, որ չնայած վերջին հակամարտությունում Իրանը Ադրբեջանին աջակցեց Ղարաբաղի տարածքների վերադարձի կապակցությամբ, սակայն բոլոր պարագաներում Իրանին ավելի ձեռնտու կլիներ, որ Ղարաբաղում պատերազմ չսկսվեր և իրավիճակը չփոխվեր այն ձևով, ինչպես հիմա է, քանի որ պատերազմի հետևանքով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է: Այդ համատեքստում Իրանը բնականորեն միջազգայնորեն ճանաչված սահմանները իր արտաքին քաղաքականությունում կարմիր գիծ է որակում և ինչ էլ որ լինի երկու կողմերի միջև՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա Հայաստանի նկատմամբ կամ Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ, Իրանը ոչ մի պարագայում ագրեսորին չի պաշտպանի: Սակայն նման զարգացումների կանխարգելման համար Իրանի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նա չունի ուղիղ ներկայություն տարածաշրջանում: Միակ բանը որ կարող է անել Իրանը՝ իր դիվանագիտական կապերը օգտագործելն է՝ կանխարգելելու նման զարգացումները: Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն նաև խաղաղապահների տեսքով, որոնք կարող են օգնել իրավիճակի հանգուցալուծմանը, իսկ Իրանը չունի այդպիսի լծակներ և այդ խնդրում կարող է գործել միայն դիվանագիտական հարթակում:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Հնարավոր համարո՞ւմ եք երկկողմ հարաբերություններում որակական նոր փոփոխություն թե Իրանում, թե Հայաստանում ընտրություններից հետո։

– Այն, ինչ կարող ենք ասել Հայաստան-Իրան հարաբերություններից, այն է, որ դրանք մեծ չափով կախված են այլ գործոններից, որոնք դուրս են երկկողմ հարաբերությունների ծիրից: Իրանն ու Հայաստանը վերջին տարիներին մշտապես քննարկում են տարբեր տնտեսական ծրագրեր, մասնավորապես, էներգետիկ և երկաթուղային ոլորտները: Պայմանավորված արտաքին գործոններով՝ մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներով, մի կողմից Իրանը այդ ներդրումային ծրագրերի իրականացման համար չի կարողացել օգտագործել իր տնտեսական ուժը, իսկ մյուս կողմից՝ իր ուշադրությունը կենտրոնացրել էր Մերձավոր Արևելքի անվտանգային խնդիրների վրա ու նաև այդ պատճառով չի կարողացել կենտրոնանալ Հարավային Կովկասում՝ այդ թվում Հայաստանի հետ հարաբերություններում կապերի ընդարձակմամբ:

Հետևաբար Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները մեծապես կախված են Արևմուտքի կողմից պատժամիջոցների չեղարկմամբ: Եթե Իրանը հաջողության հասնի և պատժամիջոցները հանվեն, Իրանը իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, կկարողանա ավելի շատ զարգացնել իր հարաբերությունները: Պատժամիջոցների չվերացման դեպքում, որքան էլ երկու պետությունները քաղաքական կամք դրսևորեն զարագացնելու հարաբերությունները, բարդ կլինի իրականացնել կտրուկ փոփոխություններ։

Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններում կա էական առաջխաղացում և հնարավոր է՝ չեղարկվեն կարևոր պատժամիջոցները: Ինչո՞վ են պայմանավորված նման հաջող բանակցությունները և հաջողության դեպքում դա ինչպես կազդի Իրանի տնտեսության վրա։

– Բանակցությունների հաջողության ամենակարևոր պատճառն այն է, որ դա անհրաժեշտ է երկու կողմին էլ՝ և Իրանին, և Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Բանակացությունների մյուս մասնակիցներն էլ հաջող համաձայնության կարիք ունեն: 

Իրանը դրա կարիքը ունի, քանի իր տնտեսությունը շուրջ 40 տարի՝ ամերիկյան պատժամիջոցների հենց սկզբից, մեծ ճնշնման է ենթարկվել և տնտեսությունից բացի՝ տուժել է նաև հասարակական և քաղաքական հզորությունը: Այդպիսով, տնտեսության վերականգնման համար համաձայնության կարիք ունի Իրանը: Դրան հակառակ, արևմտյան կողմը, որը տարիների ընթացքում ձգտել է խոչընդոտել Իրանի հիմնարար փոփոխություններն ու միջուկային զենքի ստեղծումը, այս բանակցությունների միջոցով փորձում է կրկին  սահմանափակել Իրանի միջուկային ներուժը: Պետք է նկատի ունենալ, որ Ջո Բայդենի վարչակազմը, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ավելի շատ է հակված դիվանագիտությանը և այդ համատեքստում ավելի կառուցողական նշաններ է ցույց տալիս:

Ինչ վերաբերում է Իրանի տնտեսության վրա ազդեցությանը, ապա բնականորեն Իրանի տնտեսությունը սպասում է պատժամիջոցների չեղարկմանը: Խոսքը միայն չի վերաբերում արևմտյան երկրների ընկերությունների հնարավոր գործարկմանը, այլ նաև պետք է նկատի առնել չինական և ռուսական ընկերությունները, որոնք վախենալով ամերիկյան պատժամիջոցներից՝ լքեցին Իրանը, ինչի հետևանքով այժմ Իրանն ունի ներդրումային գործարքների և ֆինանսական դժվարություններ: Սակայն այն դեպքում, երբ պատժամիջոցները չեղարկվեն, օտար ընկերությունները կվերադառնան Իրան, ինչը կնպաստի Իրանի տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը:

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը