Աբովյանի դիահերձարանի տնօրենը ու ևս 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

Աբովյանի դիահերձարանի տնօրենը և ևս 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Հայաստանի առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Մայիսի 31-ին համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մասունքներով: Ավելի ուշ հաստատվել էր, որ լուսանկարն արված է Աբովյանի դիահերձարանից։

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու կամավորականների դիերի ու մասունքների անփույթ, ոչ պատշաճ պահպանման համար առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ծառայողական քննություն է սկսելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար: