Գերեվարված Վիգեն Էուլջեքյանը Ադրբեջանում տեղափոխվել է հիվանդանոց

2020-ի նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին «Ասպարեզին» հայտնել են նրա հարազատները՝ դուստրը՝ Քրիստինեն և մայրը՝ Բեատրիսը։ 

Վիգեն Էուլջեքյանը Լիբանանից է, տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի պատճառով տեղափոխվել էր Հայաստան և 2017-ին դիմել քաղաքացիություն ստանալու համար։ 2019-ից Վիգենը Հայաստանում տաքսի էր վարում, ինչպես նաև զբոսաշրջիկների էր տեղափոխում։ 

Նոյեմբերի 10-ին Վիգեն Էուլջեքյանը և Մարալ Նաջարյանը մեկնել էին Շուշի՝ հյուրանոցից իրեր վերցնելու։ Քաղաք տանող ճանապարհին նրանց կանգնեցրել են ադրբեջանցիներն ու գերեվարել, այնուհետև ավտոբուսով տեղափոխել Բաքու, նույն տրանսպորտային միջոցի մեջ եղել են նաև Հայաստանի այլ քաղաքացիներ։ 

Այն ժամանակ, երբ գերեվարված անձինք մեկնում էին Շուշի, արդեն ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարությունը։ Ուշագրավ է, որ մինչ այդ Հայաստանից դեպի Բերձոր տանող ճանապարհին մշտապես հերթապահում էին ոստիկաններ, որոնք ստուգում էին վարորդներին։ Եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, որևէ ոստիկան ինչպես Վիգենին և Մարալին, այնպես էլ Շուշի կամ Ստեփանակերտ շտապող Հայաստանի մյուս քաղաքացիներին չեն արգելել շարունակել ճանապարհը կամ էլ ընդհանրապես հերթապահություն չի իրականացվել պատերազմից հետո, ինչի պատճառով մի քանի քաղաքացիական անձինք Շուշիի մոտ գերեվարվել են։

Ավելի ուշ Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել և վերադարձել տուն՝ Բեյրութ։