Զոհվածների դիերի պահման պայմանների հետքերով

Օրերս մեծ աղմուկ են առաջացրել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութը, որտեղ երևում է , թե ինչ պայմաններում են պահվում պատերազմում զոհվածների դիերը Աբովյանի դատաբժշկական կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում։

«Տհաճ և ոչ պատշաճ է ամեն ինչ, նախ՝ դիակները պետք էր առնվազն պատգարակների վրա տեղավորված լինեին, դիակների միջև նորմալ տարածությունը պահպանված լիներ, ոչ թե այդ վիճակում։ Տեսնողի համար պարզ լիներ, որ դա պատգարակ է և պատգարակի վրա դրված են դիակներ՝ հերթական համարները, կոդերը, որպեսզի պարզ լիներ, թե որտեղից են բերված։ Պարզ լիներ, որ այս համարի դիակը գտնվում է այստեղ։

Սառնարանային խնդիրներ սկզբից կային, բայց մենք հաղթահարեցինք, քանի որ շարժական սառնարաններ ներգրավեցինք գործընթացի մեջ։ Հանգամանքների բերումով իրավիճակը այսպես դասավորվեց։ Մենք Աբովյանի դիահերձարանում ունենք խցիկային սառնարաններ, այդտեղ պահվում էին նույնականացված դիակները։

Մայիսի 28-29-ին Մեծամորի շարժական սառնարանի խափանման պատճառով մենք դիակները նմուշառման բերեցինք Երևան։ Ստացվեց, որ չկարողացանք հետ տանել, քանի որ խափանվել էր։ Եվ դրսում՝ +40 աստիճանի պայմաններում, խափանված սառնարանում չուզեցինք պահել, որովհետև նպատակահարամար չէր։ Երևանում էլ հնարավորութուն չկար պահելու, տեղափոխեինք Աբովյանի դիահերձարան։ Վերջինիս դիահերձարանում գնում էր ընթացիկ վերանորոգման աշխատանք՝ նոր սառնարանը նկուղային հարկում դնելու համար։ Նկուղային հարկն էլ իրենից ներկայացնում էր Խորհրդային Միության տարիների սառնարանները՝ ջերմամեկուսիչ պատերով։ Չնայած ջերմաստիճանը սառնարանայինին չէր համապատասխանում․ դռները փակ վիճակում +10-11 աստիճան էր, բայց ավելի լավ էր ժամանակավոր պահեինք այդ պայմաններում, քան տանեինք Մեծամորում վնասված սառնարանի մեջ +30-40 աստիճանի տակ պահեինք։ Այդ միջադեպից հետո տեղափոխեցինք Մարտունի։ Թե ինչու անմիջապես այդ օրը Մարտունի չտարանք․ Մարտունին ուղղակի հեռու է և ծնողներին ներկայացնելու համար գնալ-գալը հեռու էր, այսինքն՝ ծնողին Մարտունի չէինք կարող ուղարկել։ Հիմա՝ այդ դեպքից հետո, ամբողջությամբ տեղափոխել ենք Մարտունի, Աբովյանում էլ չկա։

Վաղուց հարյուրից ավել նույնականացված, բայց ծնողների կողմից չտարված, չհուղարկավորած դիակներ ունենք։ Մեր դիահերձարաններում պահվող դիակների ծավալը կարող է կտրուկ նվազել ուղղակի այն դեպքում, եթե հարազատները վերցնեն հերոսների մարմինները և հուղարկավորեն։

Ես ծնողներին էլ եմ հասկանում, որ չեն ուզում հավատալ, որ իրենց որդին է։ Ունենք դեպքեր, որ սպասում են՝ իրենց երեխայի մասունքները հավաքվեն, դառնան մի մարմին, որ նոր տանեն։ Բայց դա հարցի վերջնական լուծում չէ, որովհետև այդ մարմինները ծնողները պետք է վերցնեն հուղարկավորելու համար։ Մենք մեր փորձաքննությունները ավարտել ենք, փորձագիտական հիմնարկի գործառույթը դիակի դատաբժշկական փորձաքննության և դատագենետիկական փորձաքննության կատարումն է, մենք փորձաքննությունը կատարել ենք, թե ինչքան կմնան՝ մեր հիմնարկի գործառույթը չի։ Մենք պահելու ենք որքան հնարավոր է։

Նախկինում, երբ ունեինք մեկ հոսքագիծ ԴՆԹ, օրական կտրվածքով մինչև 12 փորձանմուշ կարողանում էինք նույնականացնել։ Երկրորդ հոսքագծից հետո՝ հունվարի 14-ից, մինչև 30 փորձանմուշ կարողանում ենք իրականացնել։ Հիմա ավարտական փուլում է, ունենք բարդ կրկնվող նմուշներ, որոնք 4-6 անգամ փորձում ենք, նորից նմուշառում ենք անում, չի ստացվում։ Ստացվում է դեգրադացված ԴՆԹ-ներ, դրանց հետ ենք աշխատում և բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերում Հոլանդիայում գտնվող՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի փորձագիտական կենտրոնի հետ, որ այս վատ՝ մոտ 50 նմուշը փորձենք ուղարկել Նիդեռլանդներ այնտեղ ԴՆԹ պրոֆիլավորում ստանալու համար։ Մեք 3 000-ից ավել ոսկրային փորձանմուշից ԴՆԹ պրոֆիլավորում ստացել ենք և 2 500 ծնողներից վերցված արյան փորձանմուշներից՝ նույնպես։ Այսինքն՝ մենք այս 6-7 ամսում 5 500 փորձանմուշ՝ երկուսը իրար գումարած, ստացել ենք։ Դա ցանկացած փորձագիտական հիմանարկի համար տարիների կատարած աշխատանք է, մենք մեր գենետիկների թիմով դա հաղթահարեցինք»։

Մեկնաբանել