Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի սահմանը չեն հատել․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայ զինծառայողների կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելու մասին տեղեկությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»»,- ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Ըստ ՊՆ-ի՝ նմանատիպ ապատեղեկատվությամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ ունի միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի զինված ուժերի կողմից է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրվում։ Այդկերպ հակառակորդը փորձում է հակակշռել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի տարածք ներթափանցելու սադրանքը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։ Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից»,- նշված է հաղորդագրությունում։

***

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու պետական սահամանապահ ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը «վերադարձրել է սահմանախախտ» 40 հայ զինծառայողի:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հունիսի 1-ին՝ ժամը 20:00 սահմաններում, Հայաստանի Զինված ուժերի մոտ 40 զինծառայող «հատել է պետական սահմանը»՝ 400 մետր խորանալով Քելբաջարի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության՝ հայ զինծառայողները «դուրս են բերվել» տեղանքից՝ առանց զենքի կիրառման:

Ադրբեջանը կրկին պնդել է, թե սա հայկական կողմի «հերթական սադրանքն» է, որի նպատակը «սահմանի ամբողջ երկայնքով լարվածություն առաջացնելն է»:

Մեկնաբանել