Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ Մոսկվայում

Հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների խորհրդակցություններ․ այս մասին հայտնում են ռուսաստանյան «Ռիա նովոստի» և ՏԱՍՍ գործակալությունները։

Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում լարվածության թոթափումը։

Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները։

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Մեկնաբանել