Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել հայ և ռուս սահմանապահ ծառայությունների կատարած աշխատանքին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում տեղակայված հայ և ռուս սահմանապահների, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

***

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Մեկնաբանել