Մակրոնն Ալիևին հղած նամակում ընդգծել է խաղաղ դելիմիտացիան և գերիների վերադարձը

Լուսանկարը՝ արխիվային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում մարտերին, անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով», – նշել Է Մակրոնը իր նամակում:

Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խաղաղ դելիմիտացիա, ինչպես նաև գերիների ազատ արձակում ու նրանց վերամիավորում հարազատների հետ:

«Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ողջ ժառանգությունն իր բազմազանության մեջ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի թեթևացնել առաքելության կազմակերպումը, որն առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-», – ասվում է նամակում:

Ուղերձի վերջում Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղությանը:

Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել էր Լեռնային Ղարաբաղ ուղարկել փորձագիտական առաքելություն՝ մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով։

Մարտի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակից հայտնել էին, որ Բաքուն պատրաստ է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ գնահատելու Ղարաբաղում մշակութային և կրոնական հուշարձաններին հասցված վնասը, սակայն առաքելության այցի ամսաթիվը դեռ որոշված չէ։

Մինչդեռ հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացման վտանգի տակ են, ավելին՝ արդեն կան ադրբեջանական զինվորականների կողմից հայկական տաճարների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման կոնկրետ փաստեր։

Մեկնաբանել